Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Հայաստանի ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագիրը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ ստորագրման արարողության մեկնարկը Հովիկ Աբրահամյանը, դիմելով ներկաներին, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնահատուկ կարեւորություն է տալիս բոլոր ոլորտներում թափանցիկության եւ հասարակության մասնակցության դերի բարձրացմանը: ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ի դեմս Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի միջեւ այսօր ստորագրվող համաձայնագրի նպատակը ՀՀ ռազմավարական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի եւ գնահատման գործընթացներում հանրային մասնակցության եւ սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացման ապահովումն է: ՀՀ կառավարությունը հետեւողականորեն շարունակելու է հասարակության առջեւ հաշվետվողականության բարձրացմանը եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանն ուղղված իր քաղաքականությունը»:

ՀՀ ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագիրն ստորագրել են ՀՀ կառավարության անունից` ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, քաղաքացիական հասարակության անունից` Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Համաձայնագրի հիմք են հանդիսանում ՀՀ վարչապետի՝ 2015 թ. փետրվարի 10-ի 89-Ն որոշումը եւ ՀՀ ռազմավարական ծրագրերը, ներառյալ՝ ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը: Կարեւորելով ՀՀ-ում աղքատության ու սոցիալական այլ հիմնախնդիրների հաղթահարումը, այդ ուղղությամբ ռազմավարական ծրագրերը եւ մասնակցային գործընթացում սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացումը՝ կողմերը հաստատել են ՀՀ ռազմավարական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի եւ գնահատման գործընթացներին մասնակցելու պատրաստակամությունը:

Իր հերթին Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանը նշել է. «Սա կառավարություն-քաղաքացիական հասարակության համագործակցության շատ լավ հիմք է, որպեսզի հանրությունը մասնակից լինի ռազմավարական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի եւ գնահատման գործընթացներին: Մենք աշխատելու ենք կառավարման երկու մարմնով՝ աշխատանքային խումբ եւ համակարգող խորհուրդ: Համակարգող խորհրդի նախագահը հանրապետության վարչապետն է, աշխատանքային խմբում մեր համագործակցությունը լինելու է փոխնախարարների, համակարգող խմբում՝ նախարարների մակարդակով, ինչպես նաեւ ներգրավված են լինելու մեր ներկայացուցիչները համապատասխան ոլորտներից: Կլինեն բանավեճեր, առանձին քննարկումներ, կաշխատենք դրական լուծումներ գտնել եւ դրական տեղաշարժեր արձանագրել, որպեսզի արդյունքում շահի մեր հասարակությունը»: