Սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը հնարավորություն է տալիս, որպեսզի Հայաստանում առաջին անգամ ընտրական ճանապարհով տեղի ունենա իշխանափոխություն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Մեր գործող քաղաքական մշակույթը, գործող քաղաքական համակարգն ու մշակույթն այնպիսին են, որի պատճառով ընտրությունների միջոցով երբեք իշխանափոխություն տեղի չի ունենում: Կշեռքի նժարներին դրվել է «ամեն ինչ կամ ոչինչ» կատեգորիան եւ արդյունքում իշխանությունը ունեցել է ամեն ինչ, իսկ ընդդիմությունը կորցրել ամեն ինչ»,- ասաց Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվող Սահմանադրությունը փոխելու է քաղաքական դաշտի խաղի սկզբունքները:

Նրա խոսքով՝ Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգը ճգնաժամի մեջ է, քաղաքական ընդդիմությունը չի վայելում հասարակությանն անհրաժեշտ վստահությունը եւ խորհրդարանական կառավարման համակարգը կնպաստի Հայաստանում կուսակցական համակարգի կայացմանը:

«Պետական կառավարման համակարգի արդյունավետության խնդիր ունենք այսօր, այն արդյունավետ չի գործում: Իսկ  խորհրդարանական համակարգի պարագայում պետական կառավարման համակարգի արդյունավետությունը կբարձրանա»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է: