«Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության մեջ նկատվել են գների բարձրացում եւ գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ Հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, իրենց հանձնաժողովը մրցակցային կանոնների խախտումներ է հայտնաբերել նաեւ սննդամթերքի ձեռքբերման գնումների ոլորտում: Ըստ Շաբոյանի, ՏՄՊՊՀ-ն բացահայտել է, որ կան տնտեսվարողներ, որոնք հակամրցակցային համաձայնության են գալիս ու շուկան բաժանում իրար մեջ. «Մենք բացահայտել ենք, որ նրանց համար բարենպաստ պայմաններ են ստեղծում նաեւ պետական մարմինները, որոնք իրականացնում են մրցույթներ, որոնց ընթացակարգերը հաճախակի թափանցիկ չեն ու ոչ բոլորին են իրազեկում մրցույթների մասին»:
ՏՄՊՊՀ նախագահը նշել է նաեւ, որ կան նաեւ ընկերություններ, որոնք չպատճառաբանված գների իջեցում են անում՝ գայթակղելու համար գնորդին:





























