Կառավարման խորհրդարանական համակարգին անցումը չի կարող վտանգել Հայաստանի անվտանգությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Ո՞րն է այդ կարծիքի տրամաբանությունը, որ պատերազմական գործողությունների ժամանակ նախագահը պետք է ղեկավարի մարտական գորրծողությունները եւ զորքի գլխին կանգնելով` ռազմաճակատում խնդիրներ լուծի: Ամբողջ տրամաբանությունն այն է, որ նախագահը օժտված է բացառիկ լիազորություններով նման իրավիճակներում հասարակության ու պետության բոլոր հնարավարությունները կոնսոլիդացնելով` ճիշտ որոշումներ կայացնել: Ոչինչ չի խանգարում, որ նույն այդ գործառույթները իրականացնի վարչապետը: Իսկ ո՞վ է ասել, որ այսօրվա գործող Սահմանադրությունը լիովին երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նախագծով առաջարկվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի։





























