Դեկտեմբերի 6-ին անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նկատմամբ հասարակության հետաքրքրությունն այժմ ավելի մեծ է, քան կար սահմանադրական փոփոխությունների նախագծի մեկնարկի ժամանակ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ, այնուամենայնիվ, այդ հետաքրքրվածությունը բավարար չէ, քանի որ հայ հասարակությունը քաղաքական համակարգին չի վստահում:
«Սա գլուխկոտրուկ պետք է լինի ոչ միայն քաղաքական իշխանության համար, այլեւ քաղաքական ընդդիմության: Իշխող կուսակցության պատասխանատվությունն անհամեմատելի է քաղաքական ընդդիմության պատասխանատվության հետ: Այսօր այն, ինչ մենք որպես իշխանություն անում ենք, բավարար չէ լուծելու համար այն մարտահրավերները, խնդիրները, որոնք մեր երկրում եւ երկրից դուրս գոյություն ունեն: Նոր սահմանադրությամբ հնարավոր կլինի ինչ-որ չափով դրանք լուծելու»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է:





























