Սահմանադրական փոփոխությունների արդյունքում հայաստանում ավելի բարձր մակարդակի վրա կբարձրացվեն մարդու իրավունքների եւ ազատության պաշտպանության հարցերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ՀՀ նախագահը, մասնավորապես, նշել է.

«Այս օրերին Հայաստանը կանգնած է սահմանադրական համակարգի խորը բարեփոխումների շեմին: Բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, վեց ամիս առաջ հրապարակված հայեցակարգի հիման վրա մշակվել եւ ներկայացվել է գործող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Արդեն դեկտեմբերի 6-ին կանցկացվի հանրաքվե:

Գործող Սահմանադրության փոփոխությունները ենթադրում են կիսանախագահականից անցում խորհրդարանական կառավարման մոդելի՝ խորհրդարանական ընտրություններն ամբողջովին տեղափոխելով համամասնական ընտրակարգի: Ավելի բարձր մակարդակի վրա կբարձրացվեն մարդու իրավունքների եւ ազատության պաշտպանության հարցերը: Կհավասարակշռվեն իշխանության ինստիտուտների լիազորությունները, ներդաշնակեցված են այդ հաստատություններից յուրաքանչյուրի պատասխանատվությունը եւ լիազորությունը: Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը»: