Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավանդաբար հիմնվում է բարիդրացիության, գործընկերության, թափանցիկության եւ հավասարակշռության, մեր տարածաշրջանում շահեր ունեցող ուժերի ոչ թե հակադրման, այլ համադրման սկզբունքների վրա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Այս քաղաքականության իրականացման գործում առաջնային տեղերից մեկը տրվում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության համակարգված եւ հետեւողական խորացմանն ու ընդլայնմանը:

Հայաստանը եւ Ռուսաստանը միավորում են ակտիվ քաղաքական երկխոսությամբ, առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական, գիտական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ միջտարածաշրջանային համագործակցության բնագավառում սերտ փոխգործակցությամբ բնութագրվող ամուր դաշնակցային հարաբերությունները:

Հայ-ռուսական հարաբերությունները միայն միջպետական համագործակցության ամուր հիմքի վրա չեն հիմնված. դրանց հիմքում ընկած է ժամանակի փորձությունն անցած մեր ժողովուրդների բարեկամությունը, որոնց օգնությամբ կյանքի են կոչվում հեռանկարային նոր ծրագրեր:

Մենք շարունակում ենք արդյունավետ փոխգործակցություն ծավալել միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում: Այդ փոխգործակցության նոր խթան դարձավ Եվրասիական տնտեսական միության ձեւավորումը եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի գործունեության ակտիվացումը:

Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում ՀԱՊԿ-ում իր նախագահությանը եւ բծախնդրորեն մոտեցավ առաջիկա չորս տարիներին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի թեկնածուի ընտրության հարցին:

Վստահ եմ, որ մեզ կհաջողվի մեր լուման ներդնել ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջխաղացման գործում՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Ռուսաստանի Դաշնությունը կարեւոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Հայաստանի երկկողմ համագործակցության օրակարգում կարեւոր տեղ է հատկացվում հարեւան երկրերի՝ Իրանի եւ Վրաստանի հետ փոխհարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում Իրանի միջուկային խնդրի կարգավորումը, հատկապես՝ մեր մյուս հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում, մեր երկրի համար առանձնակի կարեւորություն ունի:

Մենք շարունակում ենք ակտիվ համագործակցությունը մեր արեւմտյան գործընկերների հետ, որոնց ակտիվ աջակցությամբ արդեն երկար տարիներ անցկացնում ենք լայնամասշտաբ բարեփոխումներ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների կատարելագործմանը, օրենքի գերակայության ապահովմանը երկրի կառավարման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը: Օրեր առաջ Եվրոպական Միության Խորհուրդը որոշում ընդունեց Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ համագործակցության նոր իրավական բազայի մշակման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու մասին: Ակտիվ զարգանում են երկկողմ կապերը հին Եվրոպայի երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ: Հայաստանը ակտիվ երկխոսություն է պահպանում Միացյալ Նահանգների հետ տարբեր մակարդակներում: Ակտիվացրել է իր աշխատանքը միջկառավարական հանձնաժողովը: Ստորագրվել է Առեւտրի եւ ներդրումների մասին համաձայնագիրը: Դյուրացվել է վիզային ռեժիմը: Հատուկ շեշտադրում է կատարվում գլոբալ մարտահրավերներին եւ սպառնալիքներին արձագանքման հարցերին: Մասնավորապես, Հայաստանը, որպես ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր, միջուկային անվտանգության հարցերի վերաբերյալ նախաձեռնության մասնակից է: ՆԱՏՕ-ի մասով Հայաստանը մասնակցում է միջազգային խաղաղապահ գործողություններին:

Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան եւ Լատինամերիկյան տարածաշրջանների երկրների հետ: Ս.թ. մարտին կայացավ իմ պետական այցը Չինաստան, որի շրջանակներում նախանշվեցին առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները: Մենք զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության ձեւաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, որը թույլ կտա բազմազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների լոգիստիկ հնարավորությունները: