Կարեւոր է, որ  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կա պայքար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ ամեն ինչի զարգացման տրամաբանությունը հենց պայքարի մեջ է:

«Շատ նորմալ է, որ քաղաքական ընդդիմությունը պայքարում է,  ցանկացած ողջախոհ ճնշում, քայլ քաղաքական պրոցեսների տեսանկյունից շատ օգտակար է, քանի որ, եթե նման հակադրություն չլիներ` կգնայինք ճահճացման ճանապարհով: Խնդիրն այստեղ այլ է` ընդդիմության գործողությունները չպետք է դուրս գան օրենքի շրջանակներից, որովհետեւ անօրինական ճանապարհով ձեռնարկված ցանկացած քայլ չի կարող ծառայել լեգիտիմ նպատակների»,-ասաց պատգամավորը:

Սամվել Ֆարմանյանի խոսքով, սահմանադրական փոփոխությունների դեմ քաղաքական ընդդիմության հիմնական փաստարկն այն է, որ այն իշխանությունների վերարտադրության համար է եւ, եթե սա իշխանությունների ձեռնարկածն է, ուրեմն այն լավը չի եւ դրա դեմ պետք է պայքարել: 

«Բոլորս էլ հասկանում ենք, որ կգտնվեն մարդիկ, որոնք թեկուզ միայն իրենց հիշեցնելու համար կփորձեն արջի ծառայություն մատուցել իշխանություններին: Իշխանությունը պետք է երկաթյա կամք դրսեւորի բոլոր նման տեսակի օժանդակող ձեռքերից հեռու մնալու համար, որպեսզի քարոզչության ամբողջ գործընթացը եւ  բուն հանրաքվեն տեղի ունենա օրինական ճանապարհով»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է: