«Արմավիր» բժշկական կենտրոնում 2015թ. ամռանը մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի գործով մեղադրվող, Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը շարունակում է պնդել, որ ինքը ոչ մի սխալ թույլ չի տվել: NEWS.am-ի հետ զրույցում Անահիտ Պետրոսյանը նշեց, որ ինքը համաձայն չէ դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննության տված եզրակացության հետ, ըստ որի երեխան հիվանդանոց ընդունվելիս ծանր վիճակում է գտնվել եւ նրան անհրաժեշտ է եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք:
«Առաջին փորձաքննությունը պարզել էր, որ երեխան մահացել է ինֆեկցիոն տոքսիկ շոկից: Ես 15 տարի է՝ բաժանմունքի վարիչ եմ, եթե երեխան ծանր լիներ, անմիջապես ռեանիմացիոն բաժանմունք կուղարկեի, այնքան հիմար պետք գտնվեի, որ պահեի իմ մո՞տ: Ես կատարել եմ իմ պարտականությունները, ամեն ինչ կատարել եմ հաշվարկով»,- ասաց Անահիտ Պետրոսյանը՝ նշելով, որ ինքը պահանջելու է, որ նոր հանձնաժողովային խումբ կազմվի եւ կրկնակի դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննություն անցկացվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
Նշենք, որ նախքան այս կատարվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` երեխան մահացել է ինֆեկցիոն տոքսիկ շոկից: Երեխայի մահվան մեջ հարազատները մեղադրում են «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին, որն իրեն մեղավոր չի համարում:
Երեխան հիվանդանոց էր ընդունվել ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:
Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները մահվան պաշտոնական վարկածին չեն հավատում, նրանք ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է:
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին: Նախորդ անգամ 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան համար մեղադրանք էր առաջադրվել մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին, որի գործն արդեն դատարանում է: Հասմիկ Հակոբյանին մեղադրանք առաջադրվելուց հետո էլ հիվանդանոցի ղեկավարությունը նրան աշխատանքից չհեռացրեց։ Որոշ ժամանակ անց բժշկուհին հեռացավ սեփական նախաձեռնությամբ։





























