Ուրբաթ օրը Մոլդովայում շարունակվել են հակակառավարական բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները իշխանությանը մեղադրում են կոռուպցիայի համար եւ նրա հրաժարականն են պահանջում: Քաղաքացիական DA («Արժանապատվություն եւ ճշմարտություն») հարթակի մի քանի հարյուր ներկայացուցիչ շրջափակել է երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի նստավայրը:   

«Մենք նախագահից պահանջում ենք հրամանագիր ստորագրել Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վիորել Կետրարուի հրաժարականի մասին:   Նախագահը պիտի ընթացք տա վարչապետի դիմումին, որը վերջինիս հրաժարականն է պահանջում, որովհետեւ Կետրարուն չի կատարել իր պարտականությունները», - լրագրողներին ասել է հարթակի առաջնորդ Անդրեյ Նեստասեն: 

Նա ասել է, որ չնայած նախկին վարչապետի եւ եվրոպականամետ իշխող կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Վլադիմիր Ֆիլատի ձերբակալությանը,  «բողոքի ակցիաները կշարունակվեն, իսկ իշխանության վրա ճնշումը միայն կավելանա»: Ցուցարարները պահանջել են նաեւ, որ Տիմոֆտին չստորագրի ԱՀԿ-ը խորհրդարանի ենթակայությանը փոխանցելու որոշումը, որն այս շաբաթ ընդունել են պատգամավորները: Նրանք հայտարարել են, որ ստորագրահավաք են սկսում պետության ղեկավարին համապետական ընտրություններով ընտրելու թեմայով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: