2009 թվի օգոստոսի 21-ին Գյումրու Ազատության հրապարակում Ամենափրկիչ եկեղեցու դիմաց մասսայական ծառահատումներ են իրականացվել:
Գյումրիի Օրհուս կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանը առանց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակությանը իրազեկելու, առանց քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի հրապարակման եւ հասարակական քննարկան, համայնքի տարածքում իրականացնում է մասսայական դենդրոցիդ, խախտելով ՀՀ Կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշման կետերը:
Պատրվակը այս անգամ նոր ճանապարհահատվածի կառուցումն էր: Կենտրոնը դեռ 3-4 ամիս առաջ առաջարկել էր հրապարակել այդ քաղաքաշինական ծրագրի նախագիծը եւ, ըստ Կառավարության թիվ 660 որոշման, այդ հարցի կապակցությամբ կազմակերպել ու անցկացնել հասարակական քննարկում: Քաղաքապետարանը, սակայն, այդ առաջարկի հետ կապված որեւէ արձագանք կամ պատասխան առաջարկ չի արել:
«Պետք է ասել, որ ծանոթ լինելով հարցի նախապատմությանը, կարելի է ասել, որ քաղաքային իշխանությունների կողմից այս դենդրոցիդը վաղուց էր ծրագրված, քանի որ, վերջին մեկ-երկու տարիների ընթացքում այդ հատվածի ծառերը բազմիցս, „էտելու“ պատրվակով, ենթարկվել էին հատումների, որպեսզի այսօր հատվող ծառերի մասսան շատ մեծ չլիներ եւ ներկայացվեր, որ հատել ենք ընդամենը թփուտներ եւ անպետք ծառեր: Արդյունքում քաղաքի կենտրոնում հերթական անգամ հատվում են մոտ երկու տասնյակ ծառեր ու թփեր, որոնց հատմանը մասնակցում են ոչ միայն քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները, այլ նաեւ տարածքի բնակիչներն ու նույնիսկ երեխաները»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:



















