Կա երկու կողմ, որոնք պատրաստ են աշխատել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծելու ուղղությամբ, կա նաեւ երրորդ կողմը, որը դրան բացարձակ պատրաստ չէ։ Այս մասին հոկտեմբերի 23-ին Երեւանում Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով նախկին խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին մասնակից եւ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը հակասում է անգամ այն պատվերներին, որոնք ժամանակին տվել է երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը։ Անդրադառնալով հարցին, թե արդարացնում է արդյոք իրեն ԵԱՀԿ Մինսկի խումբը, Վլադիմիր Կազիմիրովը ընդգծեց. «Խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խումբը չէ, խնդիրը երեք համանախագահները չեն, խնդիրը հակամարտող կողմերն են»։





























