Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի գործով մեղադրվող Զաուր Դադաեւը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ խնդրելով իրեն թույլ տալ մասնակցել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողությանը, հայտնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը:

Նամակում, որը գործակալության տրամադրության տակ է հայտնվել, Դադաեւը դիմում է նախագահին ՝ խնդրելով «իր անմեղությունն ապացուցելու» հնարավորություն տալ:

«Եթե պետք լինի ՝ ես կցանկանայի մասնակցել Սիրիայի տարածքում ԻՊ դեմ ռազմական գործողություններին»,- ասված է նամակում:

Դադաեւը նշում է, որ իր կարծիքով իրեն ապօրինաբար են ձերբակալել, ու իր մեղքի միակ ապացույցն իր խոստովանությունն է, ինչին իրեն հարկադրել են ՝ սպառնալով նրա դեմ ֆիզիկական ուժ կիրառել, որն անհամատեղելի է նրա մտածելակերպի ու դավանանքի հետ:

Քաղաքական գործչի սպանության գործով մեղադրվողը նաեւ հիշեցնում է, որ Քաջության օրդենի կավալեր է, «Խիզախության համար» շքանշանակիր, Հյուսիսային Կովկասում ռազմական գործողությունների մասնակից ու ռազմական գործողությունների վետերան:

Ինչպես «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին հայտնել է Դադաեւի դատապաշտպան Շամսուդին Ցակաեւը, իր պաշտպանյալը դիմել է պետության ղեկավարին՝ Սիրիա գրոհայիններ ուղարկելու պատրաստակամության մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հայտարարությունից հետո:

Դատապաշտպանի խոսքով, Ռամզան Կադիրովն ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել Զաուր Դադաեւի հայրենասիրության ու անձնական հատկանիշների վրա: