Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի 3-րդ Միջազգային ֆորումի մասնակիցների համատեղ ջանքերը նպաստում են արդիականության ամենաէական խնդիրների լուծման համար նոր գաղափարների եւ պատկերացումների առաջացմանը։Այս մասին հոկտեմբերի 23-ին Երեւանում Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում  ասաց ՄԳԻՄՕ-ի ռեկտոր Ա. Վ. Տորկունովը։

Նրա խոսքով՝ համաժողովում քննարկվում է հարցերի մեծ խումբ, եւ քննարկմանը մասնակցում են գործող դիվանագետներ եւ ՄԳԻՄՕ-ի 30 երկրների փորձագետ շրջանավարտներ, այդ թվում՝ Չինաստանից, Կամբոջայից, Իրանից եւ Վիետնամից։

«Աշխատանքը սկսվել է, եւ այն կշարունակվի։ Ես ուզում եմ նշել բոլոր մասնակիցների մեծ հետաքրքրությունը թե՛ համաժողովի, թե՛ քննարկվող թեմաների նկատմամբ։ Այդ թեմաների թվում են եւ՛ ԵՏՄ ինտեգրացիոն համագործակցությունը, եւ՛ Մետաքսի ճանապարհի Տնտեսական  գոտու հետ ԵՏՄ գործունեության համադրությունը։ Դրանք նաեւ Միջին եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին վերաբերող հարցերն են»,- նշել է ռեկտորը։

Տորկունովը նշեց, որ համաժողովի ավարտին կպատրաստվի համապատասխան զեկույց, որը կունենա ոչ ֆորմալ բնույթ եւ կներկայացնի բանավեճի վերլուծական մասը։ Նա նշեց, որ 4-րդ համաժողովի անցկացման վայրն արդեն քննարկվել է։ Այս պահին առաջարկներ կան դա անցկացնել Վիետնայում եւ Կամբոջայում։