Ադրբեջանը դիվանագիտական տեսանկյունից մեկուսացման մեջ է հայտնվել. երկրի իշխանությունը լեգիտիմության շատ ցածր մակարդակ ունի:  Այդ մասին հոկտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակում:  

Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության ապահովման ՝ Ռուսաստանի երաշխիքները բխում են Հավաքական անվտանգության պայմանագրից:   «Դա կարող է ուժի մեջ մտնել, երբ իրական ռազմական գործողություններ սկսվեն: Բայց սահմանի վրա կրակոցները առիթ չեն, որ պետությունները որոշում կայացնեն դաշնակիցներին պաշտպանելու նպատակով ռազմական ուժ մտցնելու  մասին:  Հայաստանը որպես պետություն եւ հայկական բանակն ի վիճակի են ինքնուրույն լուծել այդ հարցերը», - ընդգծել է Անդրանիկ Միհրանյանը: Եվ շարունակել է, թե հայ զինվորականները երբեմն շատ կտրուկ են պատասխանում ադրբեջանական կողմին, որպեսզի վերջիններս չանպատկառանան եւ մտածեն, թե կարող են անպատիժ օգտագործել ծանր հրետանին: