Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում բուհի մասնաշենքում բացվել է կենսաբանական հետազոտությունների լաբորատորիա, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց լաբորատորիայում, ծանոթացել դրա հնարավորություններին, լաբորատորիայում նախատեսվող ուսումնասիրությունների շրջանակին:
Հանրապետության նախագահը եղել է նաեւ ՀԱԱՀ-ում 2001 թվականից գործող Շախմատի թանգարանում, որտեղ ներկայացված են շախմատային խոշոր իրադարձությունների մասին պատմող արժեքավոր նյութեր, հայ շախմատիստների հաղթանակների պատմությունը եւ այլ ուշագրավ տեղեկատվություն:
Սերժ Սարգսյանն այնուհետեւ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների եւ միջոցառմանը հրավիրված բազմաթիվ հյուրերի հետ համալսարանի դահլիճում մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Բուհի հոբելյանի կապակցությամբ ՀՀ նախագահը գիտության եւ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգեւատրել է պետական պարգեւներով, խրախուսել՝ շնորհակալագրերով:































