Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 34-ամյա բնակչուհի Նինա Մակյանը, որը ոստիկանության կողմից որոնվում է որպես անհետ կորած, երկու անչափահաս երեխա ունի:
Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղապետի քարտուղար Անդրանիկ Պետրոսյանը:
Անդրանիկ Պետրոսյանի խոսքով՝ Նինա Մակյանն ամուսնացած չէ, ապրում է մոր հետ, երեխաներն այժմ տատիկի խնամքի տակ են:
«Ամուսին չունի, միայն գիտեմ, որ երկու երեխա ունի, մոր հետ է ապրում, երկար ժամանակ տուն չի եկել: Իմացա, որ ոստիկանությունից են եկել իրենց տուն, մի քանի հոգու հարցրի՝ որտեղ կարող է լինել, ոչ մեկ ոչինչ չգիտի»,-նշեց գյուղապետի քարտուղարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 34-ամյա բնակչուհի Նինա Մակյանը:
Նինա Մակյանը բնակվում է գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու 2-րդ տանը: Նա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18.00-ի սահմանում տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Հագին եղել է սև վերնազգեստ, կապույտ տաբատ և կիսաճտքավոր դեղին կոշիկ:
Արտաքին նշաններն են` 175 սմ հասակը, նիհարավուն կազմվածք:
Նինա Մակյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել /010/ 59-06-14, /0222/ 2-22-02, 2-11-07 կամ 1-02 հեռախոսահամարներով:





























