Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա շրջապատի մարդիկ անհիմն հայցեր են ներկայացրել քաղաքապետարանի դեմ եւ այդ կերպ ցանկանում են տարբեր չափերի գումարներ կորզել քաղաքապետարանի բյուջեից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:

Վաղարշակ Մխիթարյանը ներկայացրեց 10-ից ավելի հայցերը, որոնք ներկայացվել են Գյումրու քաղաքապետարանի դեմ:

Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» բիզնես կենտրոնի կողմից Գյումրու քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացվել ռեստորանա-հյուրանոցային ծառայությունների դիմաց 3 միլիոն 417 հազար դրամ գումար պահանջելու վերաբերյալ: 

«Իբր թե «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի աշխատակիցները այնտեղ են հյուրընկալվել, հաց են կերել, ռեստորան են այցելել, իբր էդքան գումար էլ մինչեւ հիմա Գյումրիի համայնքն էդ հիմնադրամին պարտք է: Հայցի հիմքի հետ ներկայացվել են տարբեր հյուրանոցներից անդորրագրեր, իբր թե Երեւան քաղաքում, Գյումրիի այլ հյուրանոցներում էլ են եղել: էդ ինչքա՞ն մարդ է եղել, էդ ինչքա՞ն են քնել, կերել, խմել, որ էդքան վճարվելուց հետո Գյումրի համայնքը էսօրվա դրությամբ իրենց նորից գումար պիտի տա»,- ասաց  Վաղարշակ Մխիթարյանը: