ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը բարեփոխմանն ուղղված շատ լավ քայլ է առաջ և լավ ճանապարհ՝ Հայաստանի համար։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 23–ին, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեն, որը Հայաստան է ժամանել «Մարդու իրավունքները Սահմանադրության փոփոխությունների նախագծում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, հայտնում է նախագահի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ և հետևողական է բարեփոխումների իրականացման գործում՝ համարելով դա երկրի զարգացման միակ և ճիշտ ճանապարհը: Նախագահը նշել է, որ այդ գաղափարը դրված է նաև Սահմանադրության փոփոխությունների նախագծի հիմքում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կարևորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ոլորտներում շարունակական բարեփոխումները: Այդ ոլորտներում, ըստ Սերժ Սարգսյանի, մեր երկրում արձանագրվել է որոշակի առաջընթաց, ինչը նաև Հայաստանի միջազգային գործընկերների և առաջին հերթին՝ եվրոպական գործընկերների աջակցության ու նրանց հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ է:

Նախագահը ողջունել է Երևանում անցկացվող խորհրդաժողովը, որը նրա համոզմամբ, լայն հնարավորություն է ընձեռում անկաշկանդ մթնոլորտում ազատ քննարկումներ ծավալել և մասնագիտական կարծիքներ փոխանակել։ Իսկ արդյունքում ներկայացված փորձագիտական առաջարկները, ըստ նրա, կարևոր ուղեցույց են դառնում ոլորտի հետագա կատարելագործման համար։

Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր գլխավորած կառույցի արդյունավետ համագործակցությունը նաև Լեռնային Ղարաբաղի հետ՝ գոհունակությամբ խոսելով այդ ոլորտում Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքների մասին: