Հասարակության շրջանում մեծ է հետաքրքրվածությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը` նշելով, որ անհանգստությունը երկրի ապագայի նկատմամբ գնալով մեծանում է գործող իշխանությունների նկատմամբ ունեցած անվստահության պատճառով:
«Ժողովուրդն օր առաջ ուզում է ազատվել իշխանություններից, անհանգստությունը երկրի ապագայի նկատմամբ գնալով մեծանում է, քանի որ անվստահություն կա իշխանությունների նկատմամբ: Այդ պատճառով էլ հասարակության մեծ մասն այսօր պայքարում է ռեժիմի հեռացման համար, ոչ թե փոփոխությունների: Գործող իշխանությունը մեր երկրում ապագա չունի»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:
Նրա խոսքով, հասարակության հետաքրքվածությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նկատմամբ շատ փոքր է, քանի որ ժողովուրդն անհանգստացած է երկրում առկա այլ խնդիրներով:
«Հայաստանում եւ ներքին, եւ արտաքին բազում խնդիրներ կան, որոնք այնքան կարեւոր են, որ հասարակության մեծ մասը սահմանադրական փոփոխությունների նկատամբ հետաքրքվածություն չի ցուցաբերում: Իսկ շատերն էլ պարզապես նախագծից տեղյակ չեն, չգիտեն, թե ինչի մասին է խոսքը,այդ պատճառով էլ հանրության հետաքրքրվածությունը փոփոխությունների նկատմամբ շատ փոքր է»,-ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:





























