Ադրբեջանում «Եվրատեսիլ-2009»-ի շուրջ սկիզբ առած սկանդալը փորձում են փաթաթել ընդդիմադիր լրատվամիջոցների վզին: Ընդ որում, երբեմն հակասելով իրենք իրենց:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության էր կանչել «Եվրատեսիլ-2009»,-ում Հայաստանի երգի օգտին քվեարկած անձանց եւ ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ: Ընդ որում, ԱԱՆ-ն BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հաստատել էր տվյալ փաստը:
Իսկ այսօր արդեն ադրբեջանական իշխանությունները փորձում են հերքել իրենց իսկ հայտարարությունները: Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռագիմովը ադրբեջանական «APA» գործակալությանը հայտնել է, թե իրենք ուսումնասիրել են հարցը եւ պարզել, որ «չկա Ադրբեջանից Հայաստանի օգտին քվեարկածների որեւէ ցանկ»: Նախարարը նաեւ մեղադրել է «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը՝ երկրի հեղինակությանը հարված հասցնելու համար: Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը փորձել էր «հայկական հետք» գտնել սկանդալում:
Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը հետաքննություն է սկսել Հայաստանի երգի օգտին քվեարկածների նկատմամբ ճնշումներ գործադրելու փաստի առիթով:




























