Արարատի մարզում մարտի 14-ի երեկոյան «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած, «Արտաշատ» ԲԿ-ի շտապօգնության վարորդը ամենայն հավանականությամբ, առաջիկայում հաշմանդամության կարգ կստանա: Այս մասին NEWS.am-ին ասաց հիվանդանոցի տնօրենի բուժգծով տեղակալ Աշոտ Գեւորգյանը:
«Վարորդը ողնաշարի հետ կապված ցավեր ունի եւ մեքենա վարել չի կարողանում, այնուամենայնիվ, մենք նրան աշխատանքից չենք հեռացրել եւ , եթե հետագայում լավ զգա, կվերադառնա աշխատանքի»,-ասաց Աշոտ Գեւորգյանը:
Նշենք, որ նախնական տվյալներով վթարի մեղավորը վարորդն է եղել, որը դեպքի օրը ալկոհոլի ազդեցության տակ նստել է ղեկին:
Աշոտ Գեւորգյանը հայտնեց, որ գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, մեղադրյալ դեռեւս չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. մարտի 14-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Շտապօգնության» ծառայության «Ֆորդ» եւ «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով շտապօգնության բժիշկ, 27-ամյա Կարապետ Գրիգորյանը մահացել է: Երկու մեքենաների վարորդներն ու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:





























