1991թ. Հայաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ջանքերով հիմնադրված «Համազգային» թատրոնը, որն արդեն կրում է վարպետի անունը, դեռեւս մշտական շենք չունի։
NEWS.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ «տանիք» չունենալու փաստն իրենց կարեւորագույն խնդիրն է, որի լուծման համար մեծ ներդրումներ են պահանջվում։
«Մեր գլխավոր խնդիրը տանիք չունենալու հանգամանք է, բայց կարծում ենք, որ մենք առաջիկայում հասնելու ենք այս հարցի լուծմանը։ Շենքի հետ կապված խնդիրները մեծ ներդրումներ են պահանջում, որը մենք փորձում ենք ձեռք բերել դրամահավաքի եւ հովանավորներ գտնելու միջոցով»,-ասաց Վարդան Մկրտչյանը՝ ավելացնելով, որ շենք չունենալու պատճառով թատրոնի կենսագործունեությունը չի տուժում։
Սոս Սարգսյանի հիմնած թատրոնին շենք հատկացնելու հարցը, ըստ տնօրենի, ՀՀ Մշակույթի նախարարության օրակարգում է։
«Այս խնդրի լուծման մեջ, ես վստահ եմ, որ մշակույթի նախարարն իր դերակատարումը կունենա, ինքն անմիջականորեն զբաղվում է»,-նշեց տնօրենը։
ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով, սակայն, պետությունը ոչինչ չի անում Սոս Սարգսյանի հիմնած թատրոնին շենք հատկացնելու ուղղությամբ։
«Թատրոնի համար Սոսն էնքան տառապեց, էնքան պայքարեց, մինչեւ հասավ այն բանին, որ հողատարածք տվեցին։ Ցավոք սրտի մահացավ եւ ամեն ինչ կանգ առավ։ Հիմա էլի ինչ-որ գումարներ են ուզում հավաքել, որ ինչ-որ բան անեն, բայց էլ չի ստացվի։ Պետականորեն ոչինչ չի արվում, կուլտուրայի վրա թքած ունեն, թատրոնն ի՞նչ ա, խանութ, բազար են բացում, մենակ առեւտուր անեն»,-ասաց Ծատուրյանը։
Նշենք, որ Կառավարության հոկտեմբերի 22-ի որոշմամբ Հայաստանում Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային» թատրոնը կկոչեն նրա անունով։ Այսօր վարպետի հիշատակին վերանվանված «Համազգային» թատրոնում կնշեն նրա ծննդյան 86-ամյակը, կցուցադրվի «44 աստիճանի վրա» ներկայացումը, կանցկացվի փոքրիկ ընդունելություն։
Սիրված դերասան Սոս Սարգսյանը «Համազգային» թատրոնը հիմնել է 1991 թվականին եւ 1990-ականների ծանր տարիներին մեծ ջանքեր է գործադրել այն կայացնելու համար: 2000 թվականից թատրոնում սկսել են աշխատել Սոս Սարգսյանի աշակերտները, որոնք շարունակել են վարպետի գործը:
Հայաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականին: Նա հայ հանդիսատեսի սերը գրավել է նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Ձորի Միրոն», Նվագախմբի տղաները», «Մենք ենք մեր սարերը», «Եռանկյունին» եւ այլն: Իսկ ԽՍՀՄ հանդիսատեսը Սոս Սարգսյանին հիշում է Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմից:
Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվել է նրա հիշատակին նվիրված հուշատախտակը։ Արարողությունից հետո ներկաները այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել դերասանի շիրիմին։





























