20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին, դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, պատերազմի 2–րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը ցանկանում է հիվանդանոցից գնալ տուն եւ տաք ջրով լոգանք ընդունել: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Սողոմոն Քոչարյանի մայրը՝ Զինա Քոչարյանը:

«Ուզում է գնալ տուն, բայց բժիշկները չեն թույլատրում: Բժիշկն ասաց` չէ, թող մնա հիվանդանոցում, դեռ հարցականի տակ ա: Անընդհատ ասում է` հոգնել եմ ամեն ինչից, էլ չեմ կարողանում, չեմ դիմանում այս ցավերին, մինչեւ ե՞րբ: Ամեն ինչից հոգնել եմ, գնամ տուն, վաննայի մեջ պառկեմ, հանգստանամ, լավ կլինեմ: Ասում եմ` բայց ո՞նց կարաս մտնես վաննայի մեջ, պառկես, չի կարելի քեզ, սուս է մնում, բան չի ասում»,-ասաց Զինա Քոչարյանը՝ նշելով, որ նրա առողջական վիճակում դեռ ոչ մի դրական փոփոխություն չկա:

Սողոմոն Քոչարյանը ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել: Նշենք, որ սա աննախադեպ որոշում է։ Առաջին անգամ է Հայաստանում ցմահ դատապարտյալն ազատվում պատժի հետագա կրումից:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: