«Ռուսալ» ընկերության գլխավոր տնօրեն, միլարդատեր Օլեգ Դերեպասկային թույլ չեն տվել իր անձնական ինքնաթիռով վայրէջք կատարել Նորիլսկի օդնավակայանում: Նորիլսկի օդանավակայանի տնօրենը նամակ է հղել Դերեպասկային, ով նաեւ «Նորիլսկ Նիկել» ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է, որտեղ առանց պատճառները նշելու տեղեկացրել է, որ մերժում է գործարարի ինքնաթիռն ընդունել իր օդանավակայանում: Դերեպասկան նամակն ստացել է թռիչքից մեկ ժամ առաջ:
«Եւ սա այն դեպքում, երբ առկա են թռիչքի ու վայրէջքի բոլոր թույլտվությունները, ինչպես նաեւ այն, որ Դերեպասկայի անունը ներառված է Նորիլսկ այցելող երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինին ուղեկցողների ցանկում, որը կայանալու է օգոստոսի 31-ին»,- նշված է «Ռուսալի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Մենք ստիպված ենք արձանագրել, որ շարունակվում է «Նորիլսկ նիկել» ընկերության մենեջմենտի կողմից կոնֆրոնտացիոն քաղաքականությունը: Հավանական է, որ «Նորիլսկ նիկելի» մենեջմենտը թաքցնելու բան ունի, դրա համար էլ խնդիր է առաջացել «Ռուսալի» տնօրենին թույլ չտալ այցելել Նորիլսկ: Մենք այդ անհեթեթ գործողություններում պատասխանատվությունից խուսափելու միտում ենք տեսնում»,- հայտարարել է «Ռուսալի» մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Դերեպասկան պետք է մասնակցեր Նորիլսկի զարգացմանն ուղղված խորհրդակցությանը, որը նախագահելու է Պուտինը: Դերեպասկան մտադիր է փոխել «Նորիլսկ նիկել» ընկերության մենեջմենտը, այդ թվում նաեւ գլխավոր տնօրեն Վլադիմիր Ստրժալկոսկիին:




























