Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հույս ունի դատարանի միջոցով հասնել նրան, որ քաղաքապետարանը փոխհատուցի իրեն պատկանող «Ալեքսանդրապոլ» ռեստորանահյուրանոցային համալիրի ծառայությունների դիմաց 3 մլն 417 հազար դրամ գումարը, որը հյուրանոցում ծախսել են «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի հյուրը։
«Իրենք ո՞վ են, որ չփոխհատուցեն, դատարանը պետք է որոշի։ Եթե էս երկրում օրենք կա, ուրեմն դատարանը պետք է փոխհատուցման որոշում կայացնի, եթե չկա, ուրեմն չի անի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետը։
Անդրադառնալով Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի այն հայտարաությունը, թե ներկայցված ծախսերի ցուցակը չի համապատասխանում իրականությանը՝ Վարդան Ղուկասյանն ասաց. «Հերթական բանսարկությունն է, ովքեր նման բան են ասում, թող Աստված իրենց համբերություն տա, իրենց վերջը բարի լինի»։
Գյումրիի նախկին քաղաքապետը նշեց, որ չի ցանկանում վերադառնալ իր նախկին պաշտոնին։
«Ես էլ չեմ ձգտում քաղաքապետ լինել։ Պետք է ուրախ լինեք, որ ես լինեմ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Նշենք, որ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» բիզնես կենտրոնի կողմից Գյումրու քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացվել ռեստորանահյուրանոցային ծառայությունների դիմաց 3 միլիոն 417 հազար դրամ գումար պահանջելու վերաբերյալ:
Հյուրերն Իտալիայից Գյումրի էին ժամանել Մինասի որմնանկարները վերականգնելու նպատակով Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ, վերջինը խոստացել էր քաղաքապետարանի հաշվին հոգալ նրանց բոլոր ծախսերը, տեղավորել էր նրանց իրեն պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում, սակայն չէր հասցրել փոխանցել գումարը, քանի որ հեռացել էր պաշտոնից։ Այժմ նա պահանջում է, որպեսզի քաղաքապետարանը կատարի փոխանցումը։
Հայցը, ըստ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների, անհիմն է, իրենք չեն պատրաստվում փոխհատուցել Վարդան Ղուկասյանին, քանի որ ներկայացված գումարը մտացածին է։





























