Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 25-ին որոշում կկայացնի 2014թ. 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի վաղակետ ազատման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի ընկեր, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը՝ նշելով, որ ինքն այնքան էլ չի հավատում, որ Գագիկ Սարուխանյանին վաղաժամկետ ազատ կարձակեն:
«Մեծ հույսեր չունենք, ի վերջո Վոլոդյային ազատելու հարցը քաղաքական որոշման արդյունք է լինելու: Նախորդ անգամ էլ ոչ մի խոչընդոտ չկար, բայց նրան չազատեցին, այս անգամ էլ չկա այդ խոչընդոտը, ի՞նչ տարբերություն»,-ասաց Գագիկ Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նույն հանձնաժողովը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատելու հայցը:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:





























