Հայաստանում քաղաքացիները  փաթեթավորված սննդամթերքի ժամկետին հաճախ չեն նայում միայն այն պատճառով, որ չեն հավատում դրա իսկությանը։

«Հանգիստ կարող են հին ապրանքի փաթեթավորումը փոխել ու վերադարձնել խանութ` նոր ժամկետով»,– NEWS.am–ի անցկացրած հարցախույզի ժամանակ ասաց երիտասարդ կինը, որը վերջերս ժամկետի մեջ գտնվող պանրիկ է գնել, տուն տարել ու հայտնաբերել, որ այն բորբոսնած է։

«Տարա ու շպրտեցի այն խանութի մենեջերի դեմքին»,- վրդովված պատմեց Կարինեն:

Կան նաեւ սպառողներ, որոնք ընդհանրապես ժամկետին չեն նայում, հատկապես երբ ապրանքը փոքր խանութներից են գնում։

«Եթե այնպիսի խանութից եմ առնում, որտեղ դու քո ձեռքով կարող ես ընտրել ապրանքը` ժամկետներն ապայման նայում եմ, բայց փոքր խանութներում` ինչ տալիս են, վերցնում եմ»,- ասաց Մարիաննա` նշելով, որ երբ վաճառողին հարցնում է ժամկետի մասին, նեղանում են.  «Հո չե՞նք խաբի, որ առնեք, հետո էլ թունավորվեք»:

«Ստուգո՞ւմ եք արդյոք սննդամթերք գնելիս դրանց պիտանելիության ժամկետը» հարցին Երեւանում անցկացրած մեր հարցախույզի մասնակիցները տվեցին հետեւյալ պատասխանները.

«այո»՝ 33 տոկոս

«ոչ»՝ 13 տոկոս

«ոչ միշտ, երբեմն»՝ 54 տոկոս: