Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ռուսաստանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի Սահմանադրության փոփոխության եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելուն պատրաստ լինելու մասին։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսաստանի պատվիրակության անդամ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշչենկոն (կոմունիստ)։

«Մեր հանդիպման ժամանակ պարոն Ասադը պատրաստակամություն է հայտնել քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունները, ինչպես նաեւ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ ազատ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, որոնք ուղղված են Սիրիայի բարգավաճմանը»,-ասել է Յուշչենկոն, որը գտնվում է Դամասկոսում։

Բացի այդ, ռուսաստանցի պատգամավորի խոսքով, Ասադը մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցողը՝ զուգահեռ անցկացնելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ։

«Թեեւ երկրները տարբեր են, բայց տեղի ունեցողի ճարտարապետը նույնն է։ Ուկրաինայի ազգայնականներ ու ԻՊ-ի ահաբեկիչները կառավարվում են մեկ կենտրոնից»,-ասել է Ասադը։

Նա նաեւ ընդգծել է, որ պատրաստ է մասնակցել նախագահական ընտրություններին, եթե Սիրիայի ժողովուրդը աջակցի իրեն։