Ուկրաինայի Դոնեցկի մարզի հարավում Մարիուպոլ քաղաքում տեղական ընտրություններն ընդհատվել են քվեաթերթիկների հետ կապված խնդրի պատճառով, որոնք տպագրվել են տեղի տպագրատանը։
Ինչպես հաղորդում է «112» հեռուստաալիքը, նախօրեին երեկոյան Մարիուպոլի ընտրական հանձնաժողովի անդամները տպագրատան սեղաններից մեկի տակ պատռված քվեաթերթիկների տրցակ են հայտնաբերել։ Ընտրական հանձնաժողովը Կիեւին առաջարկել է ոչնչացնել րդեն տպագրված քվեաթերթիկները եւ հետաձգել ընտրությունները։
Ուկրաինայի ԿԸՀ պաշտոնական արձագանքը դեռ չկա, սակայն երկրի ՆԳ նախարարի խորհրդական Զորան Շկիրյակն արդեն գիշերը հայտարարել է ընտրությունների ձախողման մասին։
Առավոտյան ժամը 8-ին Մարիուպոլում ընտրատեղամասերը, որոնցից մի քանի կմ հեռավորության վրա գտնվում է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը, այդպես էլ չեն բացվել։
Այսօր Ուկրաինայի ողջ տարածքում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում, բացառությամբ Դոնբասում մի շարք բնակավայրերի։ Ընդհանուր առմամբ ընտրվելու են 358 քաղաքների ղեկավարներ։ Ընտրությունները տեղի են ունենում նոր կանոններով, որոնք երկրի խորհրդարանը հաստատել է այս ամառ։





























