Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ 2003-ին ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Իրաք ներխուժումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծման պատճառներից մեկն է։

Բլերին խնդրել են մեկնաբանել կարծիքը, որ Իրաք ներխուժումը նպաստել է ԻՊ-ի դիրքերը ամրապնդմանը։ «Ես կարծում եմ, որ դրանում ճշմարտության հատիկ կա։ Իհարկե, չի կարելի ասել, որ նրանք, որոնք տապալեցին Սադամ Հուսեյնին 2003-ին, պատասխանատու չեն 2015-ի իրավիճակի համար»,-ասել է Բլերչը։

Նախկին վարչապետը նաեւ ներողություն է խնդրել հետախուզության թույլ տված սխալների եւ ներխուժման պլանավորման հետեւանքների հարցում սխալվելու համար։ «Բայց ինձ համար դժվար է ներողություն խնդրել Սադամ Հուսեյնի տապալման համար»,-հավելել է նա, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Mirror-ը։