«Իշխանական շրջանակներում նորից խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ազատ-անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շարունակում է տարբեր կալիբրի քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու խելքից դուրս ֆինանսական միջոցներ ունեցող գործարարների համոզել, որ այդուհանդերձ քաղաքական նոր ուժի ձեւավորման խնդիրը այսօր Հայաստանում օրհասական հարց է դարձել:

Խոսում են, նաեւ, որ Դալլաքյանն իր մերձավոր շրջապատում նույնիսկ կարծիք է հայտնել, որ եթե քաղաքական դաշտում երրորդ ուժ ասվածը չստեղծվի, ընդ որում իր գլխավորությամբ, ապա ՀՀԿ-ն 2012-ի ընտրություններում ձայներ հավաքելու մեծ խնդիր է ունենալու: Սակայն ցավն այն է, որ Դալլաքյանին իր հովանավորները ոչ «հա» են ասում, որ էլ «չէ», ինչն էլ փորձառու ու գուցեեւ տեղն եկած տեղը միամիտ պատգամավորին փնտրտուքների գիրկն է գցում»,-գրում է «Իրավունք»-ն իր օգոստոսի 31-ի համարում: