Երեւանում կարգելեն պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված օբյեկտների գործունեությունը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ՝ անդրադառնալով բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Քաղաքապետարանից NEWS.am_ին հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը եւ արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների եւ տաղավարների գործունեությունը:

«Բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ ընկերություններ, անձրեւային եղանակով պայմանավորված, փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները, ինչն անթույլատրելի է: Նրանց հետ ունեցած պայմանագրերում հստակ սահմանված է գործունեություն ծավալելու սեզոնային բնույթի պահանջը: Սա վերաբերում է նաեւ բացօթյա առեւտրի այն տեսակներին, որոնք թույլատրված են օրենքով: Ըստ այդմ, խստորեն հետեւեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու բացառեք նմանատիպ ծածկերով սահմանազատման ցանկացած փորձ»,-ընդգծել է Տարոն  Մարգարյանը: