Ամեն ինչ պետք է անել, որ քաղաքացիներին նույնականացման քարտով ընտրելու իրավունք տվող՝ ՀՀԿ-ականների առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը չանցնի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Հանրապետությունում մասսայական դեմ են Սահմանադրական փոփոխություններին, իշխանությունները դա լավ տեսնում են, իրենց համար լրացուցիչ կեղծիքի հնարավորություն են ստեղծում: Խնդիրն այստեղ ոչ թե 170 հազար քաղաքացիներն են, որոնք միայն նույնականացման քարտեր ունեն, այլ այն կես միլիոն քաղաքացիների մասին է, որոնք եւ անձնագիր ունենք, եւ նույնականացման քարտ ունեն: Եթե ընտրությունների չֆիքսվի, որ նրանք քվեարկել են տվյալ ընտրատեղամասում, ապա շատ հանգիստ կարող են գնալ եւ այլ ընտրատեղամասում քվեարկել: Եթե ընդունվի նախաձեռնությունը, ապա առաջիկա հանրաքվեի ժամանակ լուրջ խախտումներ կարձանագրվեն»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ կարելի է այնպես անել, որ քաղաքացին հնարավորություն չունենա երկու անգամ քվեարկելու:
Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի» մասին օրենքում՝ հնարավորություն տալով քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը նույնականացման քարտերով:





























