Մերձմոսկվայում հայկական համայնքի պահանջով քրեական գործ է հարուցվել Կլին քաղաքի «Սոգլասիե ի պրավդա» թերթի դեմ ծայրահեղական հոդվածների տպագրության համար:

«Analitika.at.ua» կայքի փոխանցմամբ, Մոսկվայի մարզային դատախազությունը հաղորդել է, որ Կլինի քաղաքային դատախազությունը, Հայկական սփյուռքի ներկայացուցիչների դիմումների համաձայն, ստուգում է անցկացրել Կլինի քաղաքային շրջանի «Սոգլասիե ի պրավդա» շաբաթաթերթի հրապարակումների կապակցությամբ եւ պարզել, որ 2008թ. նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում թերթը հոդվածներ է հրապարակել «Մեզ սպանում են», «Անօրինականները Կլինում», «Ով է հերոին վաճառում Կլինում» խորագրերով, որոնք ատելություն են սերմանում, ինչպես նաեւ նվաստացնում անձանց ռասայական, ազգային, ծագումնային, կրոնական պատկանելությունը:

Մոսկվայի մարզի Կլին քաղաքի ԴՀԿ ՀՎ հետաքննչական բաժինը 2009թ. օգոստոսի 21-ին քրեական գործ է հարուցել ՌԴ քր.օր.-ի 282 հոդվածի 1-ին մասով (Ատելության կամ թշնամության սերմանում):