2016 թվականի հունվարից Հայաստանում գործելու են միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որի առնչությամբ, «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-25-ին Երեւանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում` «ԵՏՄ համագործակցության խնդիրները սննդամթերքի անվտանգության ոլորտում» թեմայով:

Հայաստանում այսօր զուգահեռաբար են գործում ազգային օրենսդրությունը եւ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, իսկ 2016 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործելու են միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս համատեքստում կարեւոր է համարում, որ տնտեսավարողները եւ այլ շահառու անձինք մինչ փոփոխություններն իրազեկ ու պատրաստ լինեն նոր ընթացակարգերին, ինչին եւ ուղղված էր հրավիրված համաժողովը:

Տեխնիկական կանոնակարգերի եւ դրանից բխող փոփոխությունների վերաբերյալ համաժողովին ելույթ ունեցան Ծառայության պաշտոնյաներ, ինչպես նաեւ դասախոսներ եւ տնտեսագետներ: Նրանք ներկայացրին ԵԱՏՄ երկրների սննդամթերքի անվտանգության փաստաթղթաշրջանառությանն առնչվող վերջին զարգացումների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ կենդանական ծագման սննդամթերքի ու բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների արտահանման եւ ներմուծման ընթացակարգերը, այդ թվում եւ ռեեստրների մեջ ընդգրկվելու կարգը:

Համաժողովի օրակարգային հարցերից էին նաեւ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո անդամ երկրների օրենսդրական դաշտերի համապաստախանեցման ուղղությամբ արվող քայլերը` սննդամթերքի անվտանգության բնագավառում: Նշվեց, որ ներդրվել են վերահսկողական նոր կառուցակարգեր, ծառայությունների մատուցման նոր ինստիտուտներ: Հատուկ ընդգծվեց, որ սնունդ արտադրող եւ արտահանող տնտեսվարողների համար հիմա էլ թե’ Հայաստանում, թե’ Ռուսաստանում գործում են վերահսկողական գրեթե նույն գործառույթներն ու չափանիշները:

Մասնակիցների գնահատմամբ՝ համաժողովն օգտակար էր սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ համագործակցության խնդիրների վերաբերյալ շահառուների իրազեկվածության բարձրացման առումով: