«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, այդպես էլ չհանդիպեցին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, որից ակնկալում են հանդիպում կազմակերպել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ոտքի Հայաստանի» խորհուրդի անդամ Դավիթ Հարությունյանը, նշեց, որ իրենք վաղվանից՝ հոկտեմբերի 27-ից, ՀՀ Գիտությունների ակադեմիայի դիմաց նստացույց կսկսեն, այնքան կմնան այնտեղ, մինչեւ որ սպասված հանդիպումը կայանա։
Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր իրենց է մոտեցել միայն Ազգային ժողովի Քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի վարիչ Հակոբ Հարությունյանը, առաջարկել իրենց դիմումը տալ նամակների բաժին, որը կփոխանցի ԱԺ աշխատակազմի ղեկավարին: Հակոբ Հարությունյանը նախաձեռնության անդամներին հայտնել է, որ Հրայր Թովմասյանը «շատ զբաղված է»։
«Ոտքի Հայաստանի» անդամները, սակայն չեն համաձայնել, դիմումը հանձնել Հակոբ Հարությունյանին՝ ասելով, որ իրենք անձամբ պետք է հանդիպեն Հրայր Թովմասյանին։
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով պատրաստակամություն է հայտնել անձամբ ընդունել «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներին եւ քննարկել բոլոր հարցերը, եթե նրանք իսկապես նպատակ ունեն իրենց կամ ՀՀ ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիների մտահոգությունները փոխանցել ՀՀ ԱԺ նախագահին կամ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, սակայն նախաձեռնության անդամները, ըստ Բաբայանի այլ նպատակներ ունեն, ինչը հիմնավորվում է նրանով, որ վերջինները հրաժարվել են ըստ նամակների հանձնման ընթացակարգի իրենց դիմումը ներկայացնել։
Նշենք, որ նախաձեռնության անդամները ցանկանում էին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին հանձնել իրենց դիմումը, որը 7 հազար 500 քաղաքացի է ստորագրել:
Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստանը» Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում պահանջում են Ազգային Ժողովից ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել 2012թ. եւ 2013թ. համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակա քաղաքացիների ցուցակը, հրապարակել 2012թ.-ից ի վեր կառավարության կատարած բոլոր ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ։





























