Եգիպտոսի ուժայինները վնասազերծել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մի բջիջ, որը երկրի ներսում դիվերսիա էր ծրագրում, այդ թվում՝ զբոսաշրջային օբյեկտների դեմ: Ընդհատակյա ցանցում 6 օտարերկրացի եւ եգիպտացի է ներառված:

Ուժային կառույցների տեղեկացմամբ, ձերբակալվածների թվում են Տաջիկստանի քաղաքացիություն ունեցող բանակի նախկին գնդապետ, սերբ, բելառուս, իրանցի եւ սիրիացի: Հայտնի է, որ նրանք երկիր են ժամանել լիբիական տարածքից, որպես զբոսաշրջիկ: Իսկ ձերբակալված եգիպտացին տեղի ծայրահեղականների առաջնորդներից է:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ձերբակալվածներից դյուրակիր համակարգիչներ են առգրավել՝ ծայրահեղական եւ ԻՊ-ի զինյալների մարզումների մասին նյութերով, ինչպես նաեւ եգիպտական բանակային եւ ոստիկանական համազգեստներ, զենք, ինքնաշեն ռումբերի էլեկտրոնային միջուկ եւ արտասահմանյան ու ազգային արժույթով մեծ գումար: