«Ազգ» թերթն անդրադարձել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի (ՄԱԿ ԳԱ) 65-րդ նստաշրջանին:
«Այս իրադարձությունը հայ հանրության ուշադրությանն արժանացել է առայժմ մեկ պատճառով` նստաշրջանի օրակարգում է Ադրբեջանի առաջարկած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծերը: Ընդհանրապես, ՄԱԿ ԳԱ բանաձեւերի ու դրանց ընդունման մասին խոսելիս, անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր օրինաչափություն:
Նախ` ԳԱ բանաձեւերը պարտադիր իրավական բնույթ չեն կրում: Դրանք քաղաքական ակցիա են, առանձին հարցերում դաշնակիցների միջեւ համերաշխության հավաստում, որոնք սակայն ակտիվ օգտագործվում են քարոզչական նպատակներով: Լավագույն օրինակն այս առումով Իսրայելն է:
ՄԱԿ ԳԱ գրեթե բոլոր նստաշրջաններում մեկ տասնյակից ավելի բանաձեւեր են ընդունվում` կապված հարեւանների հետ Իսրայելի ունեցած խնդիրների հետ, եւ գրեթե բոլոր դեպքերում դրանք հակաիսրայելական բնույթ են կրում: Բայց փաստն այն է, որ արդեն մի քանի տասնամյակ ո՛չ Գոլանի բարձունքներն են ազատված, ո՛չ Պաղեստինի խնդիրն է լուծված եւ ո՛չ էլ Երուսաղեմի կարգավիճակն է հստակեցված: Ադրբեջանի պարագայում եւս արդյունքը նույնն է` հակամարտության կարգավորման վրա այդ որոշումներն ազդեցություն չեն ունենում, բայց դրանց վրա հղումով հակահայկական քարոզչության երկրաչափական պրոգրեսիայով ինտենսիվացումը գնալով դժվարացնում է այդ լուծումը (հավանաբար Ադրբեջանը ցանկանո՞ւմ է հակամարտությունների «կարգավորման» մերձավորարեւելյան մոդելը տեղայնացնել Կովկասում):
Երկրորդ` ՄԱԿ ԳԱ-ում ձայների բաշխվածությունը (192 անդամ երկրներից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն), շահերի բազմազանությունը ու հատկապես որոշումների ընդունման պարզ մեխանիզմները հնարավորություն են ընձեռում ամենատարբեր հարցերում անխոչընդոտ որոշումներ անցկացնել: Ինչպես ցույց է տալիս փորձը, տեսականորեն բոլոր երկրներն էլ կարող են ՄԱԿ ԳԱ օրակարգ ներմուծել սեփական ընկալումներին համահունչ բանաձեւերի նախագծեր ու որոշակի ժամանակահատված սպասելով, օգտվելով հարմար կոնֆիգուրացիայից, դրանք անցկացնել»,-նկատում է «Ազգ»-ի մեկնաբանը:




























