2010 թ. հունիսի 24-ին Մարիամ Սուխուդյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում` իր նկատմամբ ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի կողմից անօրինական գործողություններ կատարելու մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է  Էրեբունու քննչական բաժնի կողմից քրեական գործով կողմնակալ եւ սուբյեկտիվ քննություն իրականացնելու, գործով ձեռք բերված ապացույցները միտումնավոր անտեսելու եւ կեղծելու, անհիմն եւ անօրինական մեղադրանքներ առաջադրելու եւ այլ փաստերի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակում Մարիամ Սուխուդյանը, մի խումբ երիտասարդ կամավորականների հետ աշխատել էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցում եւ վերջինիս հայտնի են դարձել դպրոցի ուսուցչի կողմից սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մասին փաստեր:

Փոխարենը, քրեական գործ հարուցելու եւ ուսուցչին պատասխանատվության ենթարկելու` ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի կողմից 11.02.2009 թվականին հարուցվում է քրեական գործ եւ Մարիամ Սուխուդյանին առաջադրվում է մեղադրանք ուսուցչի նկատմամբ զրպարտություն կատարելու համար:

Հետագայում քրեական գործի նախաքննությունը տեղափոխվում է Երեւան քաղաքի քննչական վարչություն եւ  նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվում է ուսուցչի կողմից սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությոններ կատարելու հանգամանքը: Ավելի ուշ, ուսուցիչը դատարանի կողմից դատապարտվում է 3 տարի ազատազրկման:

Ներկայում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության  քննարկմանը, որտեղից էլ մինչ օրս չի ստացվել որեւէ պատասխան:

Մ.Սուխուդյանի խոսքով, 2010թ օգոստոսին նա գրավոր դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, խնդրելով տրամադրել տեղեկատվություն իր կողմից ներկայացված հաղորդման ընթացքի վերաբերյալ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել:

Ներկայում Մ.Սուխուդյանն իր փաստաբանի հետ միասին պատրաստվում է բողոքարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության մարմնի անգործությունը ՀՀ գլխավոր դատախազին, իսկ այնուհետեւ` դատարան: