Ամերիկայի հայկական համագումարը լրջորեն պատրաստվում է պատասխանել ԱՄՆ դաշնային դատարանի որոշմանը, որով հակասահմանադրական էր ճանաչվել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, եւ որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։
Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ ԼՂՀ գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով դատարանի որոշումը, նշեց, որ իրենք իրավաբաններ ունեն, որոնք հիմա քննում են դատարանի որոշումը: «Մենք հիմա այդ որոշումը, որ նախօրեին ընդունվեց, եւ նախկին որոշումը, որի վրա հիմնվեց դատարանը, ուսումնասիրում ենք, որ կարողանանք ճիշտ մեկնաբանություն տալ, որովհետեւ եթե այսպես է, իսկապես շատ վատ է, եւ պետք է պայքարել սրա դեմ: Համեմատում ենք այդ երկու որոշումները: Մենք իրավաբաններ ունենք, որ պետք է իրենց կարծիքը հայտնեն, եւ հետո ավելի ստույգ պատասխան տանք»,- ասաց Արփի Վարդանյանը եւ հավելեց. «Մենք այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում, եւ հույս ունենք բոլոր փաստերը ճշտել եւ պատասխանել»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դաշնային դատարանը հայտարարել էր, թե 2000թ. ընդունված օրենքը հակասում է ԱՄՆ-ի պետական քաղաքականությանը եւ, ըստ այդմ, ճանաչվում է հակասահմանադրական։ Դատավոր Դեյվիդ Թոմսոնն ասել էր, թե Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը «գիտակցված որոշում է կայացրել՝ չօգտագործել քաղաքական հետեւանքներով հղի „ցեղասպանություն“ տերմինը առաջին աշխարհամարտի տարիներին զոհված հայերի նկատմամբ»:




























