Եվրասիական տնտեսական միությունը հետաքրքրված է Եվրամիության հետ համագործակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՀԿ) Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը՝ մեկնաբանելով ընդհանուր տնտեսական տարածություն ստեղծելու շուրջ երկխոսություն սկսելու մասին ԵՄ-ին ուղղված ԵՏՄ առաջարկը:
Նրա խոսքով, վերջին շրջանում առաջացած դժվարություններն անդրադարձել են ԵՏՄ անդամ պետությունների ու ԵՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի վրա: Այսպես, 2015 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը կրճատվել է 38%-ով, այդ թվում՝ ԵՄ երկրներից ներկրումը՝ 42.9%-ով:
«Ակնհայտ է, որ առեւտրի, ներդրումների ծավալն ավելացնելու եւ կայուն աճ ապահովելու համար հարկավոր է երկխոսության վերադառնալ: Եվրասիական տնտեսական միությունը «ինտերգրման ինտեգրացիայի» բանաձեւ է առաջարկում»,- ասաց նախարարը:
ԵՏՄ պետությունների ղեկավարները, ըստ նրա, բազմիցս հանդես են եկել ինտեգրացիոն երկու միավորումների մակարդակով ավելի սերտ հարաբերություններ կառուցելու օգտին: «Վարչապետերի վերջին գագաթաժողովի ժամանակ քննարկվեց Եվրամիության հետ փոխհարաբերությունների զարգացման հարցը: Համապատասխան փաստաթուղթ է պատրաստվել եւ ուղարկվել Բրյուսել: Դրանով առաջարկվում է բարձր մակարդակով փորձագիտական երկխոսություն սկսել՝ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ փոխգործակցության գործուն մեխանիզմներ մշակելու համար»,- ամփոփեց Կարինե Մինասյանը:





























