Հայաստան-Ալբանիա աղմկահարույց ֆուտբոլային խաղի կապակցությամբ օտարերկրյա լրատվամիջոցների տարածած հրապարակումները, իբր Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ կաշառք են ստացել ալբանացիների հաղթանակը ապահովելու համար, ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչություն, ասյպես ասած ստուգողական աշխատանքներ կատարելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանրային կապերի վարչությունից ասացին, որ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ստացել են նյութերը՝ հավելելով, որ գլխավոր վարչությունը համապատասխան ստուգումներ է իրականացնում։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, հյուրընկալելով Ալբանիայի հավաքականին, խոշոր՝ 0-3 հաշվով պարտություն կրեց: Հաղթանակը հնարավորություն տվեց ալբանացիներին անցնել «Եվրո-2016-ի» եզրափակիչ փուլ։ Խաղից հետո սերբական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանի ընտրանու 4 ֆուտբոլիստներ կաշառվել են՝ ստանալով 500 հազարական եվրո: