Խորվաթիայի Օպատովաց քաղաքում (Սերբիայի սահմանի մոտ) տեղակայված միգրանտների ճամբարում 105 տարեկան աֆղան կին կա: Այս մասին հայտնել է Խորվաթիայի Վուկովար-Սրեմսկի նահանգի ոստիկանության մամուլի քարտուղար Դոմագոյ Ջիգումովիչը: Նրա խոսքով, երկարակյաց կինը մի խումբ այլ միգրանտների հետ Խորվաթիա է ժամանել Սերբիայից, հոկտեմբերի 27-ին:
«Ընտանիքի մյուս 15 անդամների հետ նա Աֆղանստանից երկար ճանապարհ է դուրս եկել դեպի Շվեդիա»,-ասել է մամուլի քարտուղարը:
Ճամբարում գրանցվելուց հետո նա իր ընտանիքի անդամների հետ կարող է շարունակել ճանապարհը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ այս պահի դրությամբ, ըստ Խորվաթիայի ՆԳՆ-ի, ճամբարում կա 1798 մարդ: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 15-ից ի վեր երկրի տարածքով անցել է արդեն 266 265 փախստական:




























