2001-ին դպրոցների շրջանավարտներ չունենալու փաստը մեծ գլխացավանք է լինելու բոլոր բուհերի, այդ թվում՝ ԵՊՀ-ի համար։ Այս մասին օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Նրա խոսքով, պետական բուհերի ռեկտորները այս հարցը բազմիցս բարձրացրել են ինչպես Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, այնպես էլ երկրի վարչապետի եւ նախագահի հետ հանդիպումների ժամանակ։ «Ինչ վերաբերում է հաջորդ տարի բուհեր ընդունվել ցանկացողներին, ապա կասեմ, որ նրանցից շատերը, «շուտ գլխի ընկնելով» եւ խորմանակության դիմելով, սպասել են, չեն դիմել այս տարի՝ մտածելով, որ 2011-ին՝ շրջանավարտներ չլինելու փաստով պայմանավորված՝ կարող են ավելի հեշտ ընդունվել իրենց նախընտրած բաժինները, այդ թվում՝ նաեւ անվճար տեղերում»,- նկատեց ԵՊՀ ռեկտորը։
Անդրադառնալով բուհի բյուջեին՝ Արամ Սիմոնյանը նշեց, որ այն կազմում է շուրջ 6,5 մլրդ դրամ։ «Սա ոչ ոքի համար գաղտնիք չէ, մենք ոչ ոքից այդ թիվը չենք թաքցնում։ Ընդ որում, համալսարանի բյուջեն վերահսկվում է բուհի խորհրդի կողմից»,- նշեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ բյուջեի մեծ մասը ծախսվում է դասախոսական կազմի աշխատավարձերի վճարման համար։ «Ամսական դա կազմում է մոտ 250 մլն դրամի կարգի գումար։ Մեր ստացած եկամուտների գրեթե կեսը ծախսվում է հենց այս նպատակով։ Բացի այդ, բյուջեի միջոցներից հատկացումներ են արվում նաեւ համալսարանի շենքի, գույքի պահպանությանը, ինչպես նաեւ կոմունալ ծախսերին, հարկերի եւ տուրքերի վճարմանը։ Գաղտնիք չէ, որ ԵՊՀ-ն հանրապետության խոշոր հարկատուներից է»,- ամփոփեց Սիմոնյանը։




























