ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է՝ նոր սահմանադրության անցնելը «հեղափոխություն է վերեւից»:
«Նոր սահմանադրությունը իրավունքի գերակայություն է ապահովում, որի շնորհիվ կունենանք ժամանակակից, ավելի լավ պետություն, արդունավետ կառավարում: Բավական հավասարակշռված փաստաթուղթ է, ինչը դրա հիմնական արժանիքներից է»,- ասաց Արտակ Դավթյանը՝ նշելով, որ աշխարհում չկա խորհրդարանական մոդելով կառավարվող մի երկիր, որը ժողովրդավար չէ:
Արտակ Դավթյանի խոսքով` նոր սահմանադրության առավելություններից է այն, որ քաղաքական կուսակցությունների անհամաձայնության դեպքում կայուն մեծամասնության դրույթը քաղաքացիներին հնարավորություն է տալիս իրենց քվեով խորհրդարանական մեծամասնություն ձևավորել:
«Եթե կուսակցությունները չեն կարողանումպայմանավորվել, խոսքը քաղաքացունն է: Քաղաքացիները կարող են ասել իրենց ծանրակշիռ խոսքը, թե որ կուսակցությունը կձևավորի խորհրդարանական մեծամասնություն»,- ասաց նա:
Պատգամավորտ, այնուամենայնիվ, չի հերքում, որ նոր սահմանադրությունն ունի որոշ թերություններ: Դրանց մասին նա խորհուրդ է տալիս խոսել հանրաքվեից հետո:
«Հետագայում ինչպես կլինի, արդյոք կիրականանան սպասումները, թե ոչ, ապագայի խնդիր է»,- ասաց նա:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Դրանով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի։





























