Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 31-ին իր նստավայրում հյուրընկալել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականներին եւ մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներին:   ՀՀ նախագահը շնորհավորել է ուսման մեջ տպավորիչ հաջողությունների հասած  աշակերտներին եւ արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին, նրանց հաջողություններ մաղթել հետագա ուսումնառության մեջ եւ կյանքում:

Իր ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը,մասնավորապես, նշել է.

«Ուզում եմ բոլորիդ շնորհավորել ձեր հաջողության առիթով եւ շնորհակալություն հայտնել ձեր հայրենասիրության համար: Այո, հայրենասիրության, որովհետեւ գիտելիք ունենալը, լավ սովորելը, իրոք, հայրենասիրություն է: Յուրաքանչյուր մարդ գիտելիք է ստանում իր համար, բայց այդ գիտելիքն օգտագործում է նաեւ հանուն հայրենիքի, հասարակության: Դուք մեր հպարտությունն եք, եւ առանց ձեզ, առանց ձեր նմանների անհնար է ունենալ ամուր պետություն եւ լավ հասարակություն:

Մեր երկրում կա լավ սերունդ, որ մենք ունենք փայլուն աշակերտներ, փայլուն ուսուցիչներ: Եւ չնայած այն հանգամանքին, որ հանրակրթության բնագավառում բազմաթիվ խնդիրներ ունենք, այդուհանդերձ, ունենք նաեւ լավ արդյունքներ:

Դուք մտնում եք կյանքի մի փուլ, որտեղ արդեն իսկ ինքնուրույն ընտրություն եք կատարելու, որոշումներ եք կայացնելու: Դուք ընտրելու եք մասնագիտություն, ընտրելու եք բնակավայր, ընկերներ, իսկ այն, ինչը չեք ընտրելու` մեր հայրենիքն է, մեր արմատներն են: Ձեզ միշտ հայ են ասելու: Դուք պետք է դրանով հպարտանաք եւ արժանի լինեք այդ անվանը: Պետք է յուրաքանչյուրդ հստակորեն պատասխանի այն հարցին, թե ի՞նչ ասել է հայ, մենք որտեղի՞ց ենք գալիս, հիմա որտե՞ղ ենք եւ ո՞ւր ենք գնում: Ուր էլ լինեք` միշտ հիշեք, սա' է ձեր երկիրը, սա' է ձեր հայրենիքը, եւ ձեր հայրենիքը մշտապես ձեզ հետ է: Հիշեք նաեւ, որ մեզանից յուրաքանչյուրը պարտք ունի կատարելու այդ հայրենիքի նկատմամբ: Սա չափազանց կարեւոր հանգամանք է: Ուզում եմ, որ դուք ապագայում եւս գիտակցված ընտրություն կատարեք,  որ ձեր ընտրությունը միշտ ձեր սրտով լինի: Շատ պարագաներում, երբ ճիշտ ընտրություն չի կատարվում, լինում են դեպքեր, երբ  այդ ընտրությունը խնդիրներ է հարուցում, երբ ընտրությունդ մերձավորներիդ սրտով չէ: Մի բանում, սակայն, համոզված եղեք, որ եթե դուք այդ ընտրությունը կատարել եք` գիտակցելով դրա ողջ լրջությունը, ապա այդ ընտրության համար պետք է նաեւ պայքարել: Ես վստահ եմ, որ  դուք ունեք այդպիսի կամային հատկանիշներ, որովհետեւ առանց այդպիսի հատկանիշների հնարավոր չէ դառնալ մեդալակիր, հաղթել միջազգային օլիմպիադաներում եւ, անշուշտ, նաեւ «Կենգուրու» մրցույթում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա, ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին եւ բուհ ընդունված երիտասարդներին, մեր երկրի ներկայի ու ապագայի, իրենց ուսումնառության հետագա ծրագրերի մասին բաց եւ անկաշկանդ զրույցի է հրավիրել`պատրաստակամություն հայտնելով պատասխանել նաեւ նրանց հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին եւ «Կենգուրու» մրցույթի հաղթողներին հանձնել է նրանց մեդալներն ու պարգեւները, նաեւ` հուշանվերներ: