Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամ, Թուրքիայի ազգային մեծ ժողովի վարչական մասի ղեկավար Հյուսրեւ Քութլուն առաջարկել է քրդերին տրվելիք իրավունքները մյուս էթնիկ խմբերին էլ տալ եւ Թուրքիայում ապրող էթնիկ խմբերի միջեւ տարբերակում չդնել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։

Թուրքական Hurriyet թերթի հարցերին պատասխանող, քրդական արմատներ ունեցող Հյուսրեւ Քութլուն անդրադարձել է կառավարության հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնության եւ դրա շրջանակներում քրդական խնդրի կարգավորման խնդրին։ Նա նշել է, թե չգիտի ինքը ինչքանով է քուրդ, կամ ինչքանով թուրք։ Մասնավորապես նա ասել է. «Քրդերին տրվելիք իրավունքները թող մյուս էթնիկ խմբերին էլ տան։ Նախկինում քրդերենը արգելված էր եւ դրա նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր։ Արգելքը հանվեց եւ հետաքրքրությունն էլ դրա նկատմամբ նվազեց։ Ես այժմ „Երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ“ մոտեցման փոխարեն կանգնած եմ „Երջանիկ է նա, ով ասում է քուրդ եմ“ մոտեցման առաջ։ Սրա ազդեցությունը գլորվող ձնագնդի նման մեծանում է։ PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) այդքան մարդ սպանեց, սակայն նրանց այժմ մի շարք իրավունքներ են տալիս։ Պետության հավատարիմ մյուս էթնիկ խմբերը նույնպե՞ս պետք է նման քայլերի դիմեն, որ նման իրավունքներ ստանան։ Ամեն էթնիկ խմբի համար իրավունքները պետք է հավասար լինեն։ Քրդերի մեծ մասը, ոչ թե բաժանման, այլ թուրքերի հետ եղբայրաբար ապրելուն են կողմ։ Գյուղերի անունների խնդրում պետք է հանրաքվե իրականացվի։ Իմ գյուղի անունը Հարուն էր, իսկ հիմա անվանափոխել են Օլգունլար։ Սակայն ժողովուրդը կրկին Հարուն է անվանում։ Եթե ժողովրդի մեծամասնության պահանջը կա, ապա պետք է առկա անունները փոխվեն»-նշել է Թուրքիայի խորհրդարանի վարչական մասի ղեկավարը, իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամ, քրդական արմատներ ունեցող Հյուսրեւ Քութլուն։

NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական խորհրդարանի վարչական մասի ղեկավար Հյուսրեւ Քութլուի նշած Հարուն գյուղը գտնվում է պատմական Հայաստանի Երզնկա գավառում։ Երզնկայում է գտնվել հայ հեթանոսական աստվածուհիներից մեկի՝ Անահիտի, գլխավոր տաճարը, որտեղ գտնվում էր աստվածուհու ոսկեձույլ արձանը։