Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել եւ դատապարտել այդ ոճրագործությունը։

Այս քայլով Պարագվայի Սենատը կարեւոր ներդրում կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,-ընդգծել է նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հկտեմբերի 29-ին, Պարագվայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Պարագվայի Հանրապետության Սենատը ճանաչում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով հիշատակելով մարդկության դեմ իրագործված այդ հանցագործության 100-րդ տարելիցը»,-ասված է փաստաթղթում:

Ավելի վաղ սենատորներին ուղերձով դիմել էր Սենատի պատվավոր նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը: