Հայաստանում այս տարի 2,5 տոկոս  ծնելիության նվազում է արձանագրվել. 2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 30 հազար 666 երեխա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը:

Կարինե Կոյումջյանի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի 2,5 տոկոս  ծնելիության նվազում է արձանագրվել, իսկ 2013թ. համամեմատ՝ 0,6 տոկոս ծնելիության աճ:

Կարինե Կոյումջյանը նշեց, որ Հայաստանում յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնելիությունների թվաքանակը կազմել է 13,7 տոկոս: Արարատի մարզում եղել է 14,4, Արագածոտնում՝ 14,1, Կոտայքի մարզում՝ 14,1 տոկոս: Ծնելիության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել  է Երեւանում՝ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 15 ծնունդ:  Մյուս մարզերում միջին հանրապետականից ցածր ծնելիություն է նկատվել՝ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով շուրջ 10 ծնունդ:

«Հայաստանում բնական հավելաճը կազմել է 9766 մարդ, դրա ցուցանիշը նույնպես 2014թ. համեմատ նվազել է 6,2 տոկոսով»,- ասաց Կարինե Կոյումջյանը: